ԱԺ լրացուցիչ ընտրություններ թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում

03.07.2018

IMG_0407     2018թ. հուլիսի 3-ին հրավիրվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ`հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի նախագահությամբ:
     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներից ընտրված ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեռնիկ Լենտրուշայի Հովհաննիսյանի և Արմո Մարդիի Ծատրյանի պատգամավորական լիազորությունները 2018թ. հուլիսի 2-ից դադարած համարելու մասին ԱՀ Ազգային ժողովի 2018թ. հուլիսի 2-ի արձանագրությունների հիման վրա, նիստում որոշվել է`
     1) 2018թ. սեպտեմբերի 9-ին թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում նշանակել ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ,
     2) հաստատել այդ ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը` 30 182 210 (երեսուն միլիոն հարյուր ութսուներկու հազար երկու հարյուր տաս) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ ընտրությունների օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 59 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին:
     Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2018թ. հուլիսի 3-ին: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԱՀ Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2018թ. հուլիսի 16-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2018թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է 2018թ. օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 7-ի ժամը 24.00-ն:
     Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Հիշյալ ժամանակացույցին և Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին ու փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ  սույն կայքի առանձին բաժնում:
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում որոշել է նաև մեկից ավելի շրջաններ ընդգրկող թիվ 10 և 11 ընտրատարածքներում Ազգային ժողովի ընտրություն կազմակերպող և անցկացնող տարածքային ընտրական հանձնաժողովներին. թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների բոլոր համայնքները, ընտրությունը կազմակերպելու և անցկացնելու լիազորությունը դրվել է Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շահումյանի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի թվով 12 և Մարտակերտի շրջանի թվով 16 համայնքներ`Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի վրա:
     Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին`առաջիկա ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տեսանյութ՝

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ