Դիտորդների հավատարմագրման մասին

09.04.2020

     2020թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի  ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վերսկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

     Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի` Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում: Հետևաբար, ս.թ. մարտի 31-ի Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին որպես դիտորդ գրանցված ներկայացուցիչների հավատարմագրումն ուժի մեջ է նաև ապրիլի 14-ի ընտրությունների դիտարկման համար:

     Միաժամանակ իրազեկում ենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար որպես նոր դիտորդական խմբեր կարող են հավատարմագրվել Հայաստանյան և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

     Արդեն իսկ հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների անվանական ցուցակում (կազմում) փոփոխություններ և լրացումներ լինելու կամ առաքելությունն իրականացնելու անհնարինության դեպքում կամ նոր դիտորդներ  հավատարմագրվելու նպատակով խնդրում ենք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com,  հեռախոս`(047)97-12-94) մինչև ս.թ. ապրիլի 10-ի ժամը 15:00-ն` ներկայացնելով նաև դիտորդական խմբի հիմնական պատասխանատուի կոնտակտային տվյալները` ազգանուն, անուն, հայրանուն, հեռախոսահամար(ներ)ը:

     Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

     Հավատարմագրվելու դիմումին կից ներկայացվում է հրավերի և կանոնադրության պատճենը, հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

     Դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը սահմանված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020թ. հունվարի 16-ի N 21-Ն որոշմամբ:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ