Լրագրողների և դիտորդների հավատարմագրման մասին

03.07.2018

     Թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 2018թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք լրացուցիչ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է լրագրողների և դիտորդների հավատարմագրման գործընթացը:

 

     Դիտորդների հավատարմագրման վերաբերյալ 

 

     Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են ԱՀ և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

     Որպես դիտորդ հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

     1)  կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,      

     2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,      

     3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

     Լրագրողների հավատարմագրման վերաբերյալ

 

     Հավատարմագրվելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը կարող է գրավոր դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիմումում ներառելով հետևյալ տվյալները.       

     1)      լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.

     2)      հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն:       

     Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:       

     Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ԱՀ-ում լրագրողի հավատարմագրման` ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:       

     Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:

     Հավատարմագրված լրագրողներն իրավունք կունենան լուսաբանելու ԱՀ ընտրական հանձնաժողովների գործունեությունը:

     Տեղական դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև 2018թ.  օգոստոսի 30-ը, իսկ լրագրողների և միջազգային դիտորդների հավատարամագրումը`մինչև սեպտեմբերի 8-ը

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավթի, 2, 1-ին հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.comհեռախոսները` 94-43-09,     97-12-94:

 ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ