Լրագրողների և դիտորդների հավատարմագրման մասին

23.12.2016

     Թիվ 5 ընտրատարածքում ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 2017թ. փետրվարի 20-ին կայանալիք լրացուցիչ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է լրագրողների և դիտորդների հավատարմագրման գործընթացը:

     Դիտորդների հավատարմագրման վերաբերյալ 

     Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են ԼՂՀ և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

     Որպես դիտորդ հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.        

     1)  կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,      

     2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,      

     3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

     Լրագրողների հավատարմագրման վերաբերյալ

     Հավատարմագրվելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը կարող է գրավոր դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիմումում ներառելով հետևյալ տվյալները.       

     1)      լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.

     2)      հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն:       

     Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:       

     Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև    ԼՂՀ-ում լրագրողի հավատարմագրման` ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:        

     Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:

     Հավատարմագրված լրագրողներն իրավունք կունենան լուսաբանելու ԼՂՀ ընտրական հանձնաժողովների գործունեությունը:

     

     Տեղական դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև 2017թ.  փետրվարի 10-ը, իսկ լրագրողների և միջազգային դիտորդների հավատարամագրումը`մինչև փետրվարի 19-ը

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավթի, 2, 1-ին հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոսները` 94-43-09, 97-12-94:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ