Կայացած ՏԻՄ ընտրությունների մասին

13.09.2019

3d-business-graph-icon     ԱՀ կառավարության 2019թ. հունիսի 19-ի N 468-Ն որոշման հիման վրա 2019թ. սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում  միաժամանակ և համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

     Ընտրությունները կազմակերպել և անցկացրել են հանրապետության  ութ տարածքային ընտրական հանձնաժողովները: Ձևավորվել են 277 ընտրական տեղամասեր: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել են մասնագիտական դասընթացներ անցած և համապատասխան որակավորում ստացած  2153  հանձնաժողովի անդամներ:

     Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության համար ինքնաառաջադրվել են 412 համայնքի ղեկավարի թեկնածուներ, 4 թեկնածուներ առաջադրվել են կուսակցությունների կողմից:

     105 համայնքում գրանցվել են 1-ական, 76-ում՝ 2-ական, 33-ում՝ 3-ական, 9-ում՝ 4-ական և 5-ում  5 և ավելի համայնքի ղեկավարի թեկնածուներ:

     Ընտրություններին մասնակցել են  համայնքի ղեկավարի 409 և համայնքի ավագանու անդամների 1394 թեկնածուներ: 7-ական թեկնածուներ ներկայացրել են ինքնաբացարկի դիմում:

     Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 284 հոգի կամ 68,3%, անկուսակցական են, 156-ը (37,5%) գործող համայնքի ղեկավարներ են, 16 թեկնածուներ (3,8%) կանայք են:  

     Ընտրությունների օրը 228 համայնքներում ընդգրկված 103043 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 67322 ընտրողներ կամ նրանց ընդհանուր թվի  65,3 %-ը:

 

       Ըստ շրջանների ընտրության մասնակցության տվյալները կազմում են.

 

  Ստեփանակերտ քաղաքում   –  55,4 %  (21611 ընտրող)

  Ասկերանի շրջանում                –  76,7 % (9008   ընտրող)

  Հադրութի շրջանում                –  69,6 %  (5983   ընտրող)

  Մարտակերտի  շրջանում      – 70,7 %  ( 9218  ընտրող)

  Մարտունու շրջանում             –  72,5 %  (12594 ընտրող)

   Շահումյանի շրջանում           –  71,7 %  (1514  ընտրող)

  Շուշիի շրջանում                       –  58,7 %  (2306 ընտրող)

  Քաշաթաղի շրջանում              –  70,1 %  ( 5088 ընտրող)

 

     Ընտրված 227 համայնքի ղեկավարներից 139-ը կամ ընտրվածների 61,2%-ը գործող համայնքի ղեկավարներ են: Չեն վերընտրվել 35  համայնքների գործող համայնքի ղեկավարներ:

     Ընտրված համայնքի ղեկավարներն ըստ կուսակցական պատկանելության ունեն հետևյալ բաշխվածությունը.

«Ազատ հայրենիք» կուսակցություն` 61 մարդ կամ ընտրվածների 26,9%-ը,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`12 մարդ կամ ընտրվածների 5,3 %-ը,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն`8 մարդ կամ ընտրվածների    3,5%-ը,

Անկուսակցական` 146 մարդ կամ ընտրվածների  64,3 %-ը:

     Նորընտիր համայնքի ղեկավարների մեծ մասը` 97,8%-ը (222 մարդ) արական սեռի ներկայացուցիչներ են:

     ԱՀ ընտրական օրենսգրքի 128-րդ պահանջներին համապատասխան` տվյալ համայնքի ընտրողների թվի հաշվառմամբ, հանրապետության 228 համայնքներում 1394 ավագանու անդամների թեկնածուներից ընտրվել են 1139-ը, ընդ որում` ըստ նրանց կուսակցական պատկանելության պատկերը հետևյալն է.

     «Ազատ հայրենիք» կուսակցություն` 173 մարդ կամ ընտրվածների 15,2 %-ը,

     Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`14 մարդ կամ ընտրվածների 1,2%-ը,

     «Հայ Հեղափոխական  Դաշնակցություն» կուսակցություն`22 մարդ կամ ընտրվածների 1,9 %-ը,

     Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն` 15 մարդ կամ ընտրվածների 1,3 %-ը,

     Անկուսակցական` 906 մարդ կամ ընտրվածների 79.5 %-ը:

     Ընտրված համայնքի ավագանու անդամների 11,2 %-ը (128 մարդ) իգական սեռի ներկայացուցիչներ են:

     Չորս տարածքային ընտրական հանձնաժողովներում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով անցկացվել են վիճակահանություններ` հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած  թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու մասին` հետևյալ համայնքներում. Մարտունու շրջանի Ջիվանի, Խնուշինակ, Սպիտակաշեն, Մարտակերտի շրջանի Հովտաշեն, Նոր Այգեստան, Շահմասուր, Վաղուհաս, Քաշաթաղի շրջանի Աղավնատուն, Աղավնո, Ներքին Սուս, Վակունիս համայնքներում՝ համայնքի ավագանու անդամի, Քաշաթաղի շրջանի Արախիշ և Հակ, Մարտունու շրջանի Հերհեր և Ասկերանի շրջանի Արմենակավան համայնքի ղեկավարի մանդատի համար:

     Տարածքային ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջի դիմումներ են ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան, Արմենակավան, Խրամորթ, Մարտունու շրջանի Հերհեր և Գիշի, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և  Քաշաթաղի շրջանի Հակ համայնքների ղեկավարների թեկնածուների կողմից:  Վերահաշվարկի արդյունքներով Այգեստան, Արմենակավան, Գիշի, Հերհեր, Վերին Հոռաթաղ, Հակ համայնքներում ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքի ղեկավարների մասով փոփոխություններ չեն արձանագրվել, իսկ Խրամորթ համայնքում երկու թեկնածուներից մեկի` Զորիկ Աբրահամյանի ընտրված լինելու օգտին  կայացվել է համապատասխան որոշում: 

     Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում ընտրություններին մասնակցած համայնքի ղեկավարի միակ թեկնածու Գեղամ Գրիգորյանին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ (21 կողմ, 60 դեմ): Համաձայն ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի        4-րդ կետի և 6-րդ մասի 1-ին կետի, Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ Բերքաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը ճանաչվել է չկայացած: Այդ համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության համար ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է կառավարությունը:

     Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հրապարակայնությունը ու թափանցիկությունը ապահովելու նպատակով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 Հայաստանի Հանրապետությունից և 12 տեղական ԶԼՄ-ներ, որոնց կազմում ընդգրկվել են 63 ներկայացուցիչներ:

     Դիտորդական առաքելության նպատակով հավատարմագրվել են 6 տեղական դիտորդական կազմակերպություններ 178 անդամներով, 2 կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից 142 անդամներով, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունները, համապատասխանաբար 14 և 3 անդամներով: Դիտորդներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են ընտրական գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

     Քվեարկության նախորդ և հաջորդ օրերին կազմակերպվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հանդիպումը դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են ասուլիսներ, հրապարակվել հոդվածներ և հարցազրույցներ, հեռարձակվել են հեռուստահաղորդումներ նպատակ ունենալով ապահովել ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունն ու լուսաբանումը:

     Քվեարկության օրը ստացված դիմում-բողոքները, որոնք կրում էին բանավոր բնույթ, անմիջապես ուսումնասիրվել և լուծումներ են ստացել նույն օրվա ընթացքում:

     Ընտրական հանձնաժողովները ընտրությունների նախապատրաստման և քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացրել են ԱՀ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան` ապահովելով քաղաքացիների ընտրելու իրավունքի լիարժեք իրացումը:

 

    Ընտրված համայնքների ղեկավարներ

 

Ստեփանակերտ
Ասկերան
Հադրութ
Մարտակերտ
Մարտունի
Շահումյան
Շուշի
Քաշաթաղ

   

Ընտրված համայնքի ավագանու անդամներ

 

Ստեփանակերտ
Ասկերան
Հադրութ
Մարտակերտ
Մարտունի
Շահումյան
Շուշի
Քաշաթաղ

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ