Կայացել է ԿԸՀ այս տարվա անդրանիկ նիստը

18.02.2019

     IMG_9628 2019թ. փետրվարի 18-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության (ԱՀ) կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019թ. անդրանիկ նիստը` հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի նախագահությամբ: Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Նիստում հաստատվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019թ. գործունեության հիմնական միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է ինչպես ԱՀ Սահմանադրությունից բխող իրավական ակտերի  ընդունման(ԱՀ ընտրական օրենսգիրք և <<Հանրաքվեի մասին>> ԱՀ օրենք` մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը, դրանցից բխող ԿԸՀ նորմատիվ իրավական ակտեր), այնպես էլ 2019թ. աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրությունների կազմակերպման, այդ թվում` մասնագիտական դասընթացների երկփուլ անցկացման հարցեր:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև մի շարք գերատեսչական նորմատիվ  իրավական ակտեր,  որոնց  ընդունումը  պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Սույն հոդվածներից բխող իրավակարգավորումները պետք է կանոնակարգվեն <<Հանրաքվեի մասին>> ԱՀ օրենքով, որն արդեն նախագծված է և կդրվի շրջանառության մեջ, ինչպես նաև ԱՀ ԿԸՀ  որոշումներով:

     Խոսքը վերաբերվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու կամ Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքներ կազմակերպելուն, որի աշխատանքները համակարգելու հնարավորությունը տրվում է նախաձեռնող խմբին:

     Նախաձեռնող խումբ կազմավորելու գործընթացին մասնակի անդրադարձ արդեն իսկ կատարված է ԱՀ օրենսդրությամբ. <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ԼՂՀ օրենքի  61-րդ և 78-րդ հոդվածներ, <<Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին>> ԱՀ Ազգային ժողովի առ 28.06.2017թ. Ն-159-6 որոշման հավելվածի 26-րդ, 30-րդ, 54-րդ և 56-րդ կետեր:

 

     ԿԸՀ 2019թ. փետրվարի 18-ի որոշումներով սահմանվել են.

 

     - նախաձեռնող խմբի կազմավորման, դրա գործունեության, ինչպես նաև այդ գործունեության դադարման կարգը,

     -տեղում ստորագրությունների հավաքման կարգը, դրա համար անհրաժեշտ ձևաթերթիկին ներկայացվող պահանջները, ձևաթերթիկում լրացվող անհրաժեշտ տվյալների ցանկը և ձևաթերթիկի լրացման կարգը,

     -ստորագրությունների վավերականության հաստատման կանոնները:

 

     Այսպիսով, մասնավորապես սահմանվել է, որ տեղում ստորագրությունների հավաքումը կազմակերպվում է ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում)` նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից: Ստորագրել կարող են  միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները: Միաժամանակ  հնարավորություն է տրվում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալ նաև  այդ մասին նոտարական կարգով տրված` ԿԸՀ որոշմամբ սահմանված հատուկ ձևանմուշի  հայտարարություն տալու տեսքով:

     Ստորագրությունների հավաքումը կարող է իրականացվել առնվազն 10 քաղաքացիներից կազմվող  և  ԿԸՀ-ում գրանցվող նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, ապա դրանք ոչ ուշ, քան 15 օրում ներկայացվում են ԿԸՀ, որոնց վավերականության ստուգումն իրականացվում է ԿԸՀ կողմից  մեկամսյա ժամկետում: Արդյունքում ԿԸՀ-ն ընդունում է երկու որոշումներից մեկը. դրանցից ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշման հիման վրա քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի այն ստանալուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով, 15-օրյա ժամկետում համապատասխան նախագծի հետ միասին ներկայացնել Ազգային ժողով: ԿԸՀ կողմից ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու դեպքում` այդ մասին որոշումը կարող է  բողոքարկվել դատական կարգով:

 

     Հ.գ.___ԿԸՀ վերոհիշյալ նորմատիվ որոշումները կուղարկվեն ԱՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: Հիշեցնենք, որ  ԿԸՀ նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում (<<Իրավական ակտերի մասին>> ԼՂՀ օրենքի 32-րդ և 45-րդ հոդվածներ):

 

Տեսանյութ՝

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ