Կայացել է ԿԸՀ հերթական նիստը

29.08.2019

 

1     2019թ. օգոստոսի 29-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահի փոխարինող Եղիշե Արզումանյանի նախագահությամբ: Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

 

     Նիստում քննարկվել և սահմանվել են 2019թ. սեպտեմբերի 8-ին անցկացվելիք ԱՀ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Համայնքի ավագանու անդամների քվեաթերթիկները կունենան սպիտակ գույն, համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները վարդագույն են լինելու:

 

     Մասնավորապես ի գիտություն է ընդունվել տեղեկատվությունն առ այն, որ 2019թ. սեպտեմբերի 8-ին ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում:

 

     Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու կապակցությամբ համայնքի ղեկավարի գրանցված 416 թեկնածուներից՝ 6 և ավագանու անդամների գրանցված 1401 թեկնածուներից՝ 7 թեկնածուների  գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել:

 

     410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 155-ը (37,8 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ   (3,7 %) կանայք են:

 

     96 համայնքի ղեկավարի թեկնածու (23,4 %) <<Ազատ հայրենիք>> կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %) ՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են:

 

     Ձևավորվել է 277 ընտրական տեղամաս:

 

     Նիստում քննարկված հաջորդ հարցը վերաբերվում էր Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրություններին, որի արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված  21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել  են (անվավեր են) 1115 ստորագրություններ: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի  2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի 19934 (տասնինը հազար ինը հարյուր երեսունչորս) ստորագրությունների վավերականությունը:

 

     Նիստում քննարկվել է նաև ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ս. թ. հունիս-հուլիս ամիսներին կազմակերպված և անցկացված մասնագիտական դասընթացների արդյունքների ամփոփման հարցը: Նշված ժամանակաընթացքում մասնագիտական դասընթացներ են անցել և որակավորման վկայականներ ստացել  ԱՀ ընտրական իրավունք ունեցող 1032 քաղաքացիներ, որոնցից 342-ը (33,1%)՝ առաջին անգամ: Որակավորում ստացած քաղաքացիներից  693-ը (67,2%) ունեն  բարձրագույն, 154-ը (14,9%)՝ միջին մասնագիտական, 185-ը (17,9%)` միջնակարգ կրթություն: Առաջիկա ընտրություններին բոլոր ընտրական հանձնաժողովները կհամալրվեն անհրաժեշտ թվով որակավորում ստացած անդամներով:

 

     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հավանության են արժանացրել նաև ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումները ի պատասխան «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ տնօրեն Վահրամ Թոքմաջյանի  2019թ. օգոստոսի 16-ի  թիվ 01  և թիվ 02 դիմումների:

 

     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է.

 

ա) Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ  և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերը պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ՝ չփոխելով իմաստը և բառերը, այն է. Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ  և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերում նշված «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» բառերը վերաբերվում են դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ ստանալուն:

 

բ) Տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին՝ ընտրական  հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց՝ ժամը 20.00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին  Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի  կանոնակարգումներին համապատասխան:

 

    

Արցախի Հանրապետության

 

  կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տեսանյութ՝

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ