Կայացել է ԿԸՀ հերթական նիստը

20.03.2015

11032280_860474317348339_1161373061_o

    2015թ. մարտի 20-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ,  ԼՂՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրության հետ կապված մի շարք հարցերի  օրակարգով:

 

     Նիստին ներկա էին նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

     Հաստատվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրության  նախապատրաստման և անցկացման հետ կապված ԼՂՀ ընտրական հանձնաժողովների (կենտրոնական ընտրական հանձնաժողով և մամլո կենտրոն, 6 տարածքային և 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ) ծախսերի նախահաշիվը` 89 178 200 ՀՀ դրամի չափով: Ծախսերի մեջ զգալի մաս են կազմում ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավվող շուրջ 2600 հանձնաժողովականներին և այլ աշխատողներին տրվող փոխհատուցումների գումարներն ու աշխատավարձերը. շուրջ  63 060 200 դրամ կամ ընդհանուր ծախսերի 70,7%-ը:

 

     Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ս. թ. մայիսի 3-ի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչությունում կգործի ընտրական տեղամաս՝ « Երևան/1» անվանմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական որոշումն այդ տեղամասի կազմավորմանն էր վերաբերվում: Այսպիսով` առաջիկա ընտրության ժամանակ ընդհանուր առմամբ  կգործի 279 տեղամաս:

 

     Հաշվի առնելով, որ մարտի 19-ին ավարտվել էր ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը, նիստում տեղեկատվություն է հրապարակվել առաջադրումների մասին: Այսպես, համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` ԼՂ կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ  կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 35, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը 6 թեկնածուների ընդգրկմամբ:

 

     Հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ հայրենիք և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են:

 

     Առաջադրված թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ.  մարտի 29-ը:

 

     Նիստում քննարկված հաջորդ հարցը ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ս. թ.  փետրվար-մարտ ամիսներին կազմակերպված և անցկացված մասնագիտական դասընթացների արդյունքների ամփոփմանն էր վերաբերվում: Նշված ժամանակաընթացքում մասնագիտական դասընթացներ են անցել և որակավորման վկայականներ ստացել  ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող 1277 քաղաքացիներ` 211 համայնքներից, որոնցից 847-ը (66,3%)՝ առաջին անգամ: Որակավորում ստացած քաղաքացիներից 639-ն  (50,0%) ունեն բարձրագույն, 245-ը (19,2%)` միջին մասնագիտական, 349-ը (30,8%)` միջնակարգ կրթություն: Առաջիկա ընտրություններին բոլոր ընտրական հանձնաժողովները կհամալրվեն անհրաժեշտ թվով որակավորում ստացած անդամներով: 

 

     Ելնելով նոր ընտրական օրենսգրքի պահանջից՝ վստահված անձանց վկայականներ տրամադրելու կարգի մասին նոր որոշում ընդունվեց, որի համաձայն գրանցում իրականացրած համապատասխան հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության լիազոր ներկայացուցչին վստահված անձի վկայական կտրամադրի (անհրաժեշտ քանակով) ` այդ մասին  ներկայացրած հայտի հիման 

վրա: Վստահված անձի տվյալները  վկայականում կլրացնի ինքը` թեկնածուն:

 

     Նիստում ընդունվել են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի` փաստաթղթավորման հետ կապված մի շարք  այլ նորմատիվ և անհատական որոշումներ:

 

     Եզրափակելով նիստը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը  ներկայացրել է առաջիկա ընտրության հետ կապված արդեն իրականացված միջոցառումները և անդրադարձել մոտ ապագայի հիմնական անելիքներին:

 

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով

11046139_860474834014954_953982262_o     11045544_860476314014806_2128161353_o   

 

Տեսանյութ՝

 

 

 





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ