ԿԸՀ նիստի մասին

12.02.2020

1     2020 թվականի փետրվարի 12-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ  և  ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի             2-րդ մասը, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Գառնիկ Շմավոնի Ավանեսյանը՝ հինգ տարի ժամկետով:

     Նիստում քննարկվել և հաստատվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրատման և անցկացման հետ կապված Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների (կենտրոնական ընտրական հանձնաժողով, 8 տարածքային և 282 տեղամասային ընտրական հանձնաժողովներ) ծախսերի նախահաշիվը` 99 642 350 (իննսունինը միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երեք  հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով: Ծախսերի մեջ զգալի մաս են կազմում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավվող շուրջ 2500 հանձնաժողովականներին և այլ աշխատողներին տրվող փոխհատուցումների գումարներն ու աշխատավարձերը. շուրջ  75 745 200 դրամ կամ ընդհանուր ծախսերի 76,0 %-ը:

     Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան համայնքի ղեկավարի և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2020թ. փետրվարի 7-ի N 49-Ն որոշման հիման վրա, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել են Ասկերանի շրջանի Ասկերան և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքներում 2020 թվականի մարտի 15-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը:

     Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը համապատասխանաբար Ասկերանի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2020 թվականի փետրվարի 19-ից մինչև փետրվարի 23-ի  ժամը  18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 23-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 13-ի ժամը  24.00-ն:

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ