Հաղորդագրություն 2013թ. դեկտեմբերի 27-ին կայացած հերթական ընդլայնված նիստի արդյունքների մասին

27.12.2013

Рисунок12013թ. դեկտեմբերի 27-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացիկ տարվա վերջին` հերթական ընդլայնված նիստը՝ հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Մասնակցում էին տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, լրագրողներ:

Նիստում ամփոփվել են 2013թ. կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
2013թ. ընթացքում 45 համայնքներում կազմակերպվել և անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների 32 հերթական և 13 արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվել են 38 համայնքների ղեկավարներ, 11 համայնքներումª ավագանու անդամներ: Կազմավորվել են 50 տեղամասեր:

Ըստ կուսակցական պատկանելության ընտրված համայնքի ղեկավարներից 4-ը Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամներ են, 1-ական` Ազատ Հայրենիք կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներ, մնացածներն անկուսակցական են:
Վերընտրվել են համայնքների ղեկավարների 56 %-ը կամ 21 համայնքների ղեկավարներ, որոնցից 3-ը՝ կանայք:

Ընտրված համայնքի ղեկավարների մեծ մասը`76 %-ը, ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, իսկ 45 %-ը կամ 17 մարդ պատկանում է 25-40 տարիքային խմբին: Տեղական ինքնակառավարման մարմինների անցյալ տարվա ընտրությունների համեմատ այս տարի երիտասարդացել է ընտրված համայնքի ղեկավարների տարիքը, սակայն գրեթե կրկնապատկվել է արտահերթ ընտրությունների քանակը (2012թ.` 7, 2013թ.` 13), ինչը հետագա ուսումնասիրման հարց կարող է լինել շահագրգիռ մարմինների համար:
Ընթացիկ տարում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ է առաջացել միայն Քաշաթաղի շրջանի Արտաշավի համայնքի ղեկավարի` 23.06.2013թ. կայացած ընտրության ժամանակ , որի արդյունքում ընտրված է համարվել նույն թեկնածուն:
2013թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման ծախսերն իրականացվել են ԼՂՀ պետական բյուջեով ընտրությունների համար նախատեսված միջոցներից, որը կազմում է 14975000 դրամ: Ընթացիկ տարում թեկնածուների կողմից մուծվել է 1355000 դրամի չափով ընտրական գրավ, որից 1210000 դրամը օրենքով սահմանված կարգով ետ է վերադարձվել թեկնածուներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ամփոփվել են նաև 2013թ. նոյեմբեր ամսում ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպված և անցկացված մասնագիտական դասընթացների արդյունքները:
Տարածքային ընտրական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա հաստատվել էր դասընթացներ կազմակերպելու ժամանակացույցը, իրականացվել ըստ գոտիների տեղաբաշխումը: 2013թ. դասընթացները նախապատրաստվել, կազմակերպվել և անցկացվել են հրապարակայնորեն, ընթացքը պարբերաբար լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցներով, իսկ արդյունքներըª հրապարակվել: Դասընթացներին մասնակցել և որակավորման վկայական են ստացել ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող 2085 քաղաքացիներ, որոնցից 1233-ը՝ նոյեմբեր ամսում՝ 142 համայնքներից: Ունկնդիրներից 351-ը (28,5%) դասընթացներին մասնակցում էր առաջին անգամ, այսինքն` ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրեթե մեկ երրորդը կձևավորվի նոր անդամներից:
Դասընթացները դասախոսական կազմի կողմից այս տարի վարվել են առավելապես բանավեճերի, ընտրական օրենսգրքի առանձին երկիմաստություն պարունակող հատվածների, պրակտիկայում հաճախակի հանդիպող դրվագների վերլուծությամբ, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դասընթացների մասնակիցները:
Առաջին անգամ որակավորման դասընթացների վարման աշխատանքներին ընդգրկվել են նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:
Որակավորում ստացած քաղաքացիներից 562-ն (45,6%) ունեն բարձրագույն, 321-ը (26%)` միջին մասնագիտական, 350-ը (28,4%)` միջնակարգ կրթություն: Ըստ կուսակցական պատկանելության 943-ն (76,5%) անկուսակցական են, 177-ը (14,4%) Արցախի ժողովրդավարական, 76-ը (6,2%) Ազատ Հայրենիք, 36-ը (2,9%) Հայ Յեղափոխական Դաշնակցություն, 1-ը (0,1%) ԼՂ կոմունիստական կուսակցությունների անդամներ են: Որակավորվածների մեծ մասը` 1018 քաղաքացիներ (82,6%), աշխատում են, 494-ը (40,1%) արական, 739-ը (59,9%) իգական սեռի ներկայացուցիչներ են: Ըստ տարիքային կազմի 372-ը (30,2%) 18-35, 521-ը (42,3%) 36-50 և 340-ը (27,6%) 50-ից բարձր տարիքի քաղաքացիներ են:
Հաշվի առնելով, որ որակավորման վկայականներ տրվում են 3 տարի ժամկետով, իսկ 2011-2013թթ. մասնագիտական դասընթացներին մասնակցել և որակավորման վկայականներ են ստացել ընդամենը 2872 քաղաքացիներ (413-ը` 2011թ., 374-ը` 2012թ. և 2085-ը` 2013թ.), ուստի ներկա դրությամբ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են ձևավորվել ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան:

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը ԼՂՀ Ասկերանի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներում փաստաթղթերի հետ տարվող աշխատանքների դրվածքի ստուգման նպատակով իրականացված ստուգայցի արդյունքներին էր վերաբերում: Քննարկման արդյունքում նշված հարցի վերաբերյալ ներկայացված տեղեկանքը հանձնաժողովականների կողմից ընդունվեց ի գիտություն:

Նիստում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2014 թվականի գործունեության հիմնական միջոցառումների ծրագիրը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ կարևորվել և տարեկան ծրագրում ներառվել են ընտրական օրենսդրության կատարելագործման, ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի նախապատրաստման, ՀՀ պատկան կառույցների հետ համագործակցության սերտացման, մասնագիտական դասընթացների անցկացման, ՏԻՄ ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, սահմանափակ ֆիզիկական կարողություններով ընտրողների համար ընտրական տեղամասերի հարմարեցման, ԿԸՀ էլեկտրոնային կայքէջի ձևաչափի վերանայման ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, 2015թ. սպասվող համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տեսանյութ 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ