Մասնագիտական դասընթացների անցկացման վերաբերյալ

21.01.2020

     
     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020 թվականի փետրվար ամսում հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար:

     Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Արցախի Հանրապետության  քաղաքացիները` իրենց դիմումի կամ կուսակցության ներկայացրած դիմումի հիման վրա:

     Դասընթացին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի Հանրապետության պետական նախարարը, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու համայնքի ավագանու անդամները, շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեում ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, արտակարգ իրավիճակների պետական ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ԱՀ քրեական օրենսգրքի 147-158.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

     Դասընթացներից հետո անցկացվող ստուգարքի արդյունքներով դրական գնահատական ստացած քաղաքացուն կշնորհվի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում և կտրվի համապատասխան վկայական:

     Դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունվարի 22-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն.

 

      1) Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Ստեփանակերտ, Թումանյան 59, հեռ.` 047-94-75-58, 097-22-02-60), 

     2) Ասկերանի շրջանում` Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովում  (ք. Ասկերան, Ն. Ստեփանյան 14, հեռ.` 047-67-76-47, 097-21-55-22),

     3) Հադրութի շրջանում` Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Հադրութ, Ա. Մկրտչյան 13, հեռ.`  097-24-90-70), 

     4) Մարտակերտի շրջանում` Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Մարտակերտ, Ազատամարտիկների 114, հեռ.` 047-42-20-38,  097-22-18-77),

     5) Մարտունու շրջանում` Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Մարտունի, Վ. Խաչատրյանի 33, հեռ.` 047-82-20-66,  097-20-96-00),

     6) Շահումյանի շրջանում` Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Քարվաճառ, Ազատամարտիկների 43, հեռ.` 097-38-79-10, 097-27-09-80), 

     7) Շուշիի շրջանում` Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք.Շուշի, Ն. Դումանի 1, հեռ.` 047-73-18-31, 097-23-15-22),

     8) Քաշաթաղի շրջանում` Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Բերձոր, 5-րդ թաղամաս, շենք 33/1, հեռ.` 047-75-23-75, 097-21-00-84):

 

      Դիմումի հետ միասին քաղաքացին ներկայացնում է նաև իր անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

     Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմումին կից ներկայացնում է դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

    Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դասընթացների անցկացման համար կարող է առաջարկել դասընթացի անցկացման ժամկետ և վայր, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված, դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների թիվը ավելի է 20-ից:

    Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կհրապարակվի հայտարարություն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

 

ԱՀ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ