Մի քանի հրապարակումների հետքերով

01.10.2018

11ок1

     ԱՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 9-ին թիվ 11 ընտրատարածքում անցկացված  ԱԺ լրացուցիչ ընտրությունները կայացած է ճանաչել` հիմնվելով տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների վրա: Ընտրություններին մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների 57,6 տոկոսը. 2153 կողմ  ձայներով ԱԺ պատգամավոր է ընտրվել Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը:

     Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն նախկինում զբաղեցրած Արմո Մարդիի Ծատրյանի դիմումի համաձայն` նրա լիազորությունները ս.թ. հուլիսի 2-ից ԱԺ կողմից դադարած համարելու պահից:

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի շրջանակներում կազմակերպված այս հերթական ընտրական միջոցառումը Արցախի Հանրապետությունում նախկինում անցկացված ընտրություններից թերևս տարբերվեց թեկնածուների մեծաթիվությամբ: Ինչ վերաբերվում է այս գործընթացի թափանցիկությանն ու ժողովրդավարական լինելուն,  ապա այն ոչնչով չտարբերվեց արդեն քանիերորդ անգամ անցկացվող  ու այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մակարդակով դրական բնութագրված մյուս ընտրություններից իր օրինականության և կազմակերպվածության մակարդակով:

     Իհարկե, ընտրություններն առաջին հերթին մրցակցություն են ենթադրում ու այդ մրցակցության արդյունքներով է ընտրվում թեկնածուն կամ թիմը: Բնական է նաև, որ հետընտրական զարգացումներ ևս կարող են առաջանալ:      Սակայն ճիշտ կլիներ, որ այդ զարգացումներն առողջ ու օրենքի տառի շրջանակներում  լինեին:

     Իսկ հիմա, սույն ընտրությունների հետընտրական փուլում լրատվական մի քանի հրապարակումների հետքերով: 

     Այսպես, սեպտեմբերի 9-ին թիվ 11 ընտրատարածքում կայացած ԱԺ լրացուցիչ ընտրությունների մեկնարկից` ս.թ. հուլիսի 3-ից  սկսած ոչ նախընտրական փուլում (քարոզչության ընթացքում), ոչ ընտրությունների անցկացման բուն օրվա ընթացքում և ոչ էլ հետընտրական փուլում (մինչդատական բողոքարկման ժամկետում) թվով 7 թեկնածուներից և ոչ մեկի կամ նրանց թիմի` նախընտրական շտաբի, վստահված անձանց կողմից  որևէ պաշտոնական բողոք, դիմում, դժգոհություն չեն ներկայացվել պատկան մարմիններ` Արցախի Հանրապետության կենտրոնական,  Մարտակերտի տարածքային  և թիվ 11 ընտրատարածքում գործած թվով 44 տեղամասային ընտրական  հանձնաժողովներ: Իսկ այդպիսի օրենսդրական հնարավորություն ԼՂՀ ընտրական օրենսդրությամբ նրանց տրված էր: Ուստի, այս համատեքստում ընտրական համակարգի թվով 364 հանձնաժողովականների պատշաճ պատասխանատվությամբ կատարված աշխատանքն ու օրինապաշտ ընտրողների ազատ կամահայտնումն առնվազն անթույլատրելի է կասկածի տակ առնել:

     Ինչ վերաբերվում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, և մասնավորապես հանձնաժողովի նախագահի հասցեին նախկին թեկնածուներից մեկի` ընտրությունների արդյունքներով կողմ ձայներ հավաքած 7 թեկնածուների մեջ 5-րդ տեղը զբաղեցրած  Բ. Գալստյանի կողմից  ընտրություններից բավական ժամանակ անց արված հայտարարությանն առ այն, որ ընտրական համակարգի աշխատողների միջոցով աշխատանք է տարվել հօգուտ մի թեկնածուի, ապա դա լիովին հիմնազուրկ է ու բացարձակ սուտ:

     Կհորդորեինք ընտրությունների օրինական ելքով շահագրգիռ բոլոր կողմերին գտնվել բացառապես օրենքի  և քաղաքակիրթ զսպվածության տիրույթում` հրապարակավ արվող հայտարարությունների նկատմամբ ցուցաբերելով զգուշավորություն և բարձր պատասխանատվություն:

     Հ.Գ.-Ընտրությունների արդյունքների ամփոփումից և դրանց մինչդատական բողոքարկման ժամկետների ավարտից հետո մամուլում ու սոցկայքերում բարձրաձայնվող հնարավոր խախտումները դուրս են ընտրական հանձնաժողովների քննարկման տիրույթից:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ