ԶԼՄ-ների հավատարմագրման մասին

24.01.2020

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)  հավատարմագրում է 2020թ. մարտի 31-ի Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային Ժողովի հերթական ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներին:

     ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն`  լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` ԶԼՄ ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ: 

     2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման դիմումը և ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը ԿԸՀ են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչև 2020թ. մարտի 16-ը ներառյալ: 

     ԶԼՄ ներկայացուցիչներին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է պարունակի`

     - լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը. 

     - լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը. 

     - ծանուցման հասցեն, հեռախոսահամարը. 

     - նշում՝ տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին. 

     - արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում` նշում նաև այդ մասին. 

     - ընտրության անվանումը և քվեարկության օրը. 

     - կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 

    – դիմումի տրման ամսաթիվը. 

    – դիմողի ստորագրությունը: 

     Դիմումին կից ներկայացվում է ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը` թղթային և էլեկտրոնային տարբերակով:

     Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրվելու մասին դիմումը ներկայացնում է ԱՀ արտաքին գործերի նախարարություն: 

     Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, ԶԼՄ ներկայացուցիչների վկայականի ձևը սահմանված են ԱՀ ԿԸՀ  2020թ. հունվարի 16-ի N 20-Նորոշմամբ:

    Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.comհեռախոս`(047)97-12-94:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ