ԿԸՀ արտահերթ նիստ` ԱԺ լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ օրակարգով

23.12.2016

 

ԿԸՀ ՆԻՍՏ 23.12.2016թ.     2016թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ`հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի նախագահությամբ: Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը,  ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և  ԶԼՄ  ներկայացուցիչներ:

 

     ԼՂՀ ընտրական  օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և թիվ 5 ընտրատարածքից (2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություևների տվյալներով ընդգրկում է ԼՂՀ Ասկերանի շրջանի 30 տեղամաս, 8278 ընտրող) ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի պատգամավորական լիազորությունները 2016թ. դեկտեմբերի 16-ից դադարած համարելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի 2016թ. դեկտեմբերի 19-ի արձանագրության հիման վրա, նիստում որոշվել է`

 

     1)   2017թ. փետրվարի 20-ին թիվ 5 ընտրատարածքում նշանակել ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ,

 

     2)   հաստատել այդ  ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը`8 150 700 (ութ միլիոն հարյուր հիսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հիմնական միջոցառումների  ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ ընտրությունների  օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 66 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին:

 

     Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2016թ. դեկտեմբերի 24-ին:

 

     Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2017թ. հունվարի 6-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2017թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 16-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության   ժամանակահատվածն  է  2017թ. հունվարի 17-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 24.00-ն:

 

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Հիշյալ ժամանակացույցին և Ազգային ժողովի լրացուցիչ  ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին ու փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում (հասցեն` cecnkr.am):

 

     Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին`առաջիկա ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

 

 

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

 

Տեսանյութ՝

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ