ԿԸՀ հերթական նիստ՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ օրակարգով

27.06.2019

ԿԸՀ  հերթական նիստ՝  ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ օրակարգով     2019 թվականի հունիսի 27-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:  Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել է 228 համայնքներում 2019 թվականի սեպտեմբերի 8-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը:

     Համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից  գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի օգոստոսի   4-ից մինչև օգոստոսի  9-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 14-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է օգոստոսի  15-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը  24.00-ն:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նաև 2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրությունների նախապատրատման և անցկացման հետ կապված Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվները` 77958520 (յոթանասունյոթ միլիոն ինը հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամի չափով ընդհանուր գումարով:

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում (հասցեն` cecnkr.am):

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տեսանյութ՝

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ