Հաղորդագրություն ԿԸՀ արտահերթ նիստի վերաբերյալ

15.05.2014

Изображение 0032014 թվականի մայիսի 15-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ լսվեցին և քննարկվեցին ընտրական գործընթացներին առնչվող տարաբնույթ հարցեր:
Նիստում ամփոփիչ քննարկման էր ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերախմբագրված տարբերակը: Հաշվի առնելով կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրություններին առնչվող պետական մարմինների առաջարկությունները և հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծին և որոշեց այն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  N 16 ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հարցը: Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 2014 թվականի մայիսի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կամո Սերգեյի Մարտիրոսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին» արձանագրությունը, ընտրական  օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին և 115-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերին համապատասխան`  կենտրոնական ընտրական  հանձնաժողովը  որոշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու պատճառով N 16 ընտրատարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ  ընտրությունների օր նշանակել 2014 թվականի հուլիսի  31-ը, հաստատվեցին լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը:
Ժամանակացույցի համաձայն N16 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետ է սահմանվել 2014 թվականի մայիսի 17-ից մինչև  մայիսի 22-ի ժամը 18.00-ն: Նույն ժամանակամիջոցում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ կարող են առաջադրել նաև կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):
N 16 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կկատարվի հունիսի 21-ից մինչև հունիսի 26-ը:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի թեկնածուների գրանցման հաջորդ օրվանից և կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ, այսինքն` հունիսի 27-ից մինչև հուլիսի 29-ի ժամը 24.00-ն:
Դիտորդներն ու լրագրողները կարող են հավատարմագրվել այսօրվանից սկսած մինչև քվեարկության նախօրյակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  2014թվականի  մայիսի 14-ի  N299–Ն որոշման համաձայն` ս.թ. հուլիսի 6-ին Հադրութի շրջանի Առաքել համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի հերթական ընտրություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել հունիսի  6-ից մինչև հունիսի 11-ը: Առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցումը Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի հունիսի 11-ից մինչև հունիսի 16-ը:
Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուներին, Հադրութի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ, որոնք նպատակաուղղված են նախատեսված ժամկետներում և ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրությունների պատշաճ կազմակերպման ապահովմանն ու քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Տեսանյութ




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ