Մասնագիտական դասընթացներ ԼՂՀ շրջաններում

30.09.2013

Սույն թվականի սեպտեմբերի 3-ից 26-ը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար հանրապետության բոլոր շրջաններում կազմակերպել և անց է կացրել մասնագիտական դասընթացներ: Դասընթացները վարել են ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը և ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանը: Յուրաքանչյուր տարածքի առանձնահատկությամբ պայմանավորված՝ տեղերում ծագող որոշ հարցերի շտկման վերաբերյալ հանդես են եկել նաև Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:

   Միջոցառումների նպատակը՝ ընտրական հանձնաժողովների պոտենցիալ անդամներին ԼՂՀ ընտրական օրենսդրության հիմնական ու առանցքային հարցերի շուրջ պարզաբանումներ տալն էր, համապատասխան իրավական ակտերի ուսուցումը: 

    Բացի հարցերի օրենսդրական լուծումների մասին քննարկումներից, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հորդորն էր ունկնդիրներին՝ նախևառաջ որպես քաղաքացիներ, և ապա՝ հանձնաժողովականներ միշտ անձնապես պատասխանատու զգալ բնակչության շրջանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ պահպանելու հարցում: <Յուրաքանչյուր արցախցի այս հարցում մասնակցության իր մասնաբաժինը պիտի ունենա, իսկ ընտրությունների ժամանակ մենք՝ հանձնաժողովականներս՝ առավել չափով>,- շեշտեց ԿԸՀ նախագահը:

 Դասընթացի ավարտից հետո անցկացված ստուգարքի արդյունքում դրական գնահատված քաղաքացիները հնարավորություն են ստացել ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում: Սեպտեմբերին անցկացված ուսուցումներին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրապետության 90 համայնքներից 828 քաղաքացի. նրանցից 783-ին շնորհվել է համապատասխան որակավորում: 

  Ողջունելի է, որ ընտրական պրոցեսներում ոչ միայն ընտրողի, այլ նաև դրանք կազմակերպողի դերում առաջին անգամ մասնակցության ցանկություն են հայտնել նաև 207 քաղաքացիներ, այսինքն՝ ասել է թե ընտրական հանձնաժողովների կազմերի մոտ 26 տոկոսի չափով հնարավոր թարմացում-հերթափոխ կարելի է ակնկալել: Ս.թ. հոկտեմբերի 13-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին, հանձնաժողովների կազմավորման ժամանակ, Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից այս հանգամանքն արդեն իսկ հաշվի է առնվել. տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել են նոր մասնակիցներ:

 Լայնածավալ այս միջոցառումների կազմակերպական հարցերին գործուն մասնակցություն են ունեցել Տարածքային ընտրական հանձնաժողովները, տեղերում աջակցություն են ցուցաբերել շրջվարչակազմերն ու համապատասխան համայնքների ղեկավարները:

  Սույն թվականի նոյեմբերին մասնագիտական դասընթացների նոր փուլ է մեկնարկում: Այս անգամ դրանում կընդգրկվի նաև Ստեփանակերտ քաղաքը: Մանրամասները՝ սույն կայքի <Հայտարարություններ> բաժնում:

 

Տեսանյութ

shahum qashatagh 1 Martakert 1 mart1 mart 2 hardrut 1+ 4 2 2 arakel

 

 

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ